Բաղանիսը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում՝ Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղու վրա: Հեռավորությունը Երևանից՝ 175 կմ, Իջևանից՝ 41 կմ, Հայաստան Ադրբեջան շփման գծից՝ մինչև 1 կմ: Բնակավայրը հիմնվել է հինգերորդ դարում, ավերվել մոնղոլական արշավանքների ժամանակ և վերականգնվել 13-րդ դարում: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 134 բնակիչ, բոլորն էլ հայ: Ներկայումս գյուղում բնակվում է մոտ 900 մարդ: Բաղանիսը գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 29C է, ձմռանը` -3C: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, կան խաղողի այգիներ: Համայանքը գազաֆիկացված է, ունի վերակառուցված խմելու ջրի ցանց: Գյուղի դպրոցը գտնվում է բարվոք վիճակում, առանձին գործող մանկապարտեզ չկա: Բաղնիսով անցնող հիմնական ճանապարհը և բուն գյուղը գտնվում են հակառակորդի կրակահերթերի թիրախային գոտում, միջպետական ճանապարհի համար կառուցված է համեմատորեն ապահով շրջանցիկ ճանապարհ: Բաղանիսի պատմական հուշարձանն է 10-րդ դարում կառուցված, ներկայումս կիսավեր Սուրբ Աստվածածին եկեղեցին: Համայնքների խոշորացման շրջանակներում Բաղանիսը 2016-ից մաս է կազմում ընդլայնված Նոյեմբերյան համայնքին:

Բաղանիս