Փուչիկներ, կարմիր ժապավեն ու շամպայն. արցախյան Թաղավարդում անսովոր իրարանցում է։ 2020 թվականի պատերազմից հետո երեք կողմից ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող ու ճանապարհի հենց մեջտեղը դրված փշալարով հայկականի ու ադրբեջանականի բաժանված գյուղում մարդիկ ժպտում են՝ իրենց սիրելի Երմոն տատիկի կարի արտադրամասի բացման արարողությունն է։

«Մարդկային, շնորհքով, բոլորին հասնող, «չէ» բառը չունեցող, ամեն ձեւ լավն է։ Պոստավիկներին միշտ ասել է՝ ոչ մի բան հարկավոր չի»,- համագյուղացիներն են ինձ ներկայացնում օրվա հերոսուհուն։

Իսկ նա՝ էներգիայի անսպառ աղբյուր 69-ամյա Երմոնյա Քոչարյանը, վազվզոցի մեջ է․ բնավորությանը համաձայն, իր լավ առիթը տոնի է վերածել ամբողջ գյուղի, իր սիրելի հարեւանների համար։ Ամեն եկողին մի քաղցր խոսքով է դիմավորում, հետաքրքրվում է՝ մյուսներն ինչ եղան։

«6-րդ դասարան էի, որ մեկի համար կիսաշրջազգեստ կարեցի, 3 մանեթ տվեց, իմ առաջին աշխատած փողը։ Միշտ շատ եմ սիրել էս գործը »,- պատմում է տիկին Երմոնյան ու հիշում՝ երբ 10-րդ դասարանն ավարտեց, հայրը հարցրեց՝ ինչ է ուզում անի․ «Ասեցի՝ կա´մ ալպինիստ եմ ուզում դառնալ, կա´մ կար անող»։

Երկու տարի Ստեփանակերտում սովորել է ու անցել գործի. կարի մեքենաներն այդ ժամանակից մինչեւ հիմա ծառայել են իրեն։ Հիմա էլ, երբ նորերն ունի, իր կարի արհեստանոցում հին գործիքներն իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում։

Իր նոր աշխատատեղից տիկին Երմոնյան այլ տեղ գնալ էլ չի ուզում, թեեւ տունը մի քանի քայլ այն կողմ է․ հաճախ մինչեւ գիշերվա կես գործ է անում։ Ասում է՝ առողջությունը «լյոխ լյավա», էներգիան էլ՝ ինչքան ուզես կհերիքի։

Մինչեւ այս արհեստանոցը սարքելն էլ, իր տան անկյունում աշխատում էր՝ նույն սիրով ու նվիրվածությամբ, բայց մի օր, ինչպես ինքն է ասում, «Սահման» ՀԿ-ից գտան իրեն։ Արցախի սահմանամերձ դարձած բնակավայրերում, այդ թվում՝ Թաղավարդում, ընտանեկան փոքր բիզնեսների համար աջակցության ծրագրեր իրականացնող այս ՀԿ-ի համար կարեւոր է եղել հատկապես այն հանգամանքը, որ տիկին Երմոնյան զինծառայողների համար անհրաժեշտը կարող է կարել։

«Եկալն տսալ՝ հունց գորց կանիմ, պա հինչավ քոմագ անինք, ասալում մի լավ կարի մաշին կոզիմ։ Վերջումը մի լավ պեն տրավ, խոխի նման ուրխացալում»։

Հատկապես ժամկետային զինծառայողներից գումար չի կարողանում վերցնել․ «Ասում եմ՝ բանակը պրծեք, եկեք»։ Ու գալիս են, դեռ Արցախյան առաջին պատերազմից հաճախորդներ ունի, անգամ զոհվածների զավակներն են իր մոտ գալիս։ Միակ թոռնուհին՝ 11-ամյա Մանուշակը, արդեն սովորել է՝ երբ զինծառայողները հարցնում են՝ ինչքան պետք է վճարեն, առաջինն ինքն է ասում՝ գումար պետք չէ։ Տատիկի ոգեւորության աղբյուրն է, ու ամենակարեւորը՝ կարուձեւ սիրում է, հետաքրքրվում, իր գործը հաստատ կշարունակի։

Կարմիր ժապավենը կտրելու պատիվն էլ տիկին Երմոնյան հենց իր թոռնիկին ու «Սահման»-ի ներկայացուցիչներին է հանձնում։ Ամեն ինչ տեղը տեղին է կազմակերպել՝ աղուհացով, շամպայնով, հյուրերով:

«Կիսված գյուղը», «Ադրբեջանական կողմը Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր է հնչեցրել», «Ադրբեջանական դիրքերից կրկին թիրախավորել են Թաղավարդ համայնքի բնակելի տները» վերնագրերից շատերին ծանոթ գյուղում լրիվ ուրիշ մթնոլորտ է… Ինքս էլ, որ պատերազմից առաջ Թաղավարդի միայն անունը գիտեի, բայց պատերազմից հետո մի քանի անգամ արդեն եղել եմ այս գյուղում, դեռ այն այսքան պայծառ չեմ տեսել։

«Ինչ լավ է, որ ձեր գյուղ էս լավ առիթով ենք եկել»,- ոգեւորությունս կիսում եմ տեղացիների հետ․ «Ընդհանուր առմամբ ո՞նց եք»։

«Պիտի ասենք լավ, որ լավ լինի. լյոխ լավա»։

Մինչ տեղացիների հետ եմ շփվում, նկատում եմ, որ Երմոն տատիկի ձայնը լսելի չէ, չի վազվզում այս ու այն կողմ, հարցեր կարգավորում, շփվում, ծիծաղում. պարզվում է՝ 50 տարվա կարուձեւ անողը պահ որսացել է ու զինվորական համազգեստի վերջին «ստրոչկեն է գնում»։ Սպասող կա…

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Անի Ռափյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *