Հույսեր ու մտքեր Մարտունիից. «Թող Հայաստանի մարդիկ մեր ձեռքը բաց չթողնեն»

Մարտունին Արցախի այն բնակավայրերից է, որը թե՛ 90-ականներին, թե՛ Ապրիլյան քառօրյայի, թե 2020-ի 44-օրյա պատերազմների ժամանակ կրել է մարդկային եւ նյութական ամենածանր կորուստները։ Չափազանց ինտենսիվ օդային հարվածները Մարտունիում ավերեցին շուրջ 900 շենք, բազմաթիվ առանձնատներ, խլեցին նաեւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ անչափահասների կյանքներ։

«Համեցեք, սպասում եմ ձեզ, եթե կուզեք՝ ես ձեզ հետ կտանեմ Ստեփանակերտ,  ասեք՝ ես ի՞նչով օգնեմ ձեզ, ինչ անեմ ձեզ համար… Հա, առանց մեր տուն մտնելու գնալ չկա՛», – առանց մեզ ու ինքն իրեն հերթ տալու սկսում է մարտունեցի 44-ամյա Արարատ Դոլուխանյանը խոսակցության առաջին վայրկյաններից։

Հետո հասկացանք՝ 44-ամյա նախկին զինվորականը շատ է հուզվում պատերազմից հետո Արցախ այցելող յուրաքանչյուրի ուշադրության փաստից միայն ու ինքն էլ փորձում է փոխանցել մեզ իր իսկ պատկերացմամբ ամենակարեւորը՝ «մի պատառ ուշադրություն»։

Արարատի արհեստանոցում բազմաթիվ պատվերներն են, վերջերս «Սահման» հ/կ-ի միջոցով նվեր ստացած կոշիկի կարի մեքենան եւ այժմ պարտադիր զինծառայության մեջ գտնվող ավագ որդու ձեռքով ստեղծված գեղանկարները։ Արարատն ու իր կինը մինչ օրս սարսափով են հիշում Ապրիլյան պատերազմի ժամանակ տղայի՝ մահից հրաշքով փրկվելն ու նույն պահին նրա հետ միասին գտնվող ընկերոջ՝ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի զոհվելը։

«Գիտեք, չէ, Վաղոյի մասին», – ասում է նախկին զինվորականը աստիճանաբար խլացող ու կարծես այս իրականությունից հեռուն գնացող ձայնով։

Ինքը առողջական խնդիրների պատճառով թեեւ ժամանակից շուտ է հեռացել բանակից, սակայն ձեռքերը ծալած նստելուն սովոր չէ՝ նախընտրել է կոշկակարությամբ զբաղվել, որին ծանոթ էր վաղուց։

«Վատ չենք, լյավ ընք, փառք Աստծո։ Չեմ բողոքում։ Միշտ մտածել եմ, որ էդ կարի մեքենան ունենամ, Աստծո հաջողությամբ էդ լույսը բացվել ա։ Մի ընկեր ունեմ, միշտ ասում է՝ «Գնալու եմ, գնալու եմ», ասում եմ՝ «Էէ, ուր ես գնում»… Չգիտեմ, չեմ մտածում ես էդ մասին…», – Արարատ Դոլուխանյանը պայմաններից բողոքել չի սիրում, գնացողների մասին՝ առավել եւս։

«Հա, չարչարվում ենք, երկու տեղ աշխատում, երեկոյան էլ գալիս բոստանը մշակում,  ապրում ենք։ Իհարկե՝ դժվար է, մանավանդ, երբ գնացողներին էլ տեսնում ես…», – ասում է պարոն Արարատի կինը ու նույն պահին կանգ առնում։ Գիտի՝ ամուսինը այս թեման չի սիրում։

«Անորոշ վիճակ ա, իհարկե։ Գիտես, մի պահ մոռանում ես… Բայց լրիվ չես մոռանում», – շարունակում է երեք պատերազմ տեսած Արարատը։

«Մարդուն ի՞նչ է պետք, մի պատառ ուշադրություն, ուրիշ ոչինչ։ Առաջ մինչեւ մի կոշիկը կարում էի՝ քանի ժամ էր տեւում, հիմա էս մեքենայով նույն ժամանակահատվածում 5 հատն եմ կարում։ Մարդուն իրոք բացի մի փոքր ուշադրությունից ուրիշ ոչինչ պետք չէ։ Զոհվածի մայր ունենք, էն օրը եկավ, չեմ կարողանում գումար վերցնել, չվերցրի, վիրավորվում է, ասում եմ ՝ լավ, 500 դրամ թող, գնա, եթե շատ ես ուզում… Չեմ կարողանում։ Մարդուն ի՞նչ է պետք, ուշադրություն, մի պատառ ուշադրություն, ուրիշ ոչինչ»:

Ինչպես բոլոր արցախցիները՝ Դոլուխանյանների ընտանիքում նույնպես ուշադիր հետեւում են երեւանյան զարգացումներին, իրենց թե՛ հույսերով, թե՛ հիասթափություններով լի հայացքներն էլ ուղղված են սովորաբար դեպի Հայաստան.

«Հայաստանի մարդկանց միայն կարող եմ ասել այն, որ մեր ձեռքը բաց չթողնեն։ Որովհետեւ մենք ուրիշ ոչ ոք չունենք։ Էս մի փոքր բանն է մնացել, Հայաստանն էլ որ մեր կողքին չլինի… Կա, որ խորտակվողի ձեռքը բաց են թողնում, գլորվում ա ներքեւ, բայց կա նաեւ որ բռնում, քաշում դուրս են հանում դեպի վեր։ Իմ միակ խոսքս Հայաստանին, որ մեր ձեռքը բաց չթողնեն հիմա, էս մի բուռ տեղն է մնացել…», – ասում է Արարատ Դոլուխանյանն ու գլուխը կախում իր աշխատանքին՝ փոքրիկ երկրի իր փոքրիկ անկյունում իր բաժին պարտքը ամենայն պատասխանատվությամբ կատարելու։

 

Սոֆիա Հակոբյան 

Կիսված Թաղավարդի «կարված» ուրախությունն ու անսովոր իրարանցումը

Փուչիկներ, կարմիր ժապավեն ու շամպայն. արցախյան Թաղավարդում անսովոր իրարանցում է։ 2020 թվականի պատերազմից հետո երեք կողմից ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող ու ճանապարհի հենց մեջտեղը դրված փշալարով հայկականի ու ադրբեջանականի բաժանված գյուղում մարդիկ ժպտում են՝ իրենց սիրելի Երմոն տատիկի կարի արտադրամասի բացման արարողությունն  է։

«Մարդկային, շնորհքով, բոլորին հասնող, «չէ» բառը չունեցող, ամեն ձեւ լավն է։ Պոստավիկներին միշտ ասել է՝ ոչ մի բան հարկավոր չի»,- համագյուղացիներն են ինձ ներկայացնում օրվա հերոսուհուն։

Իսկ նա՝ էներգիայի անսպառ աղբյուր 69-ամյա Երմոնյա Քոչարյանը, վազվզոցի մեջ է․ բնավորությանը համաձայն, իր լավ առիթը տոնի է վերածել ամբողջ գյուղի, իր սիրելի հարեւանների համար։ Ամեն եկողին մի քաղցր խոսքով է դիմավորում, հետաքրքրվում է՝ մյուսներն ինչ եղան։

«6-րդ դասարան էի, որ մեկի համար կիսաշրջազգեստ կարեցի, 3 մանեթ տվեց, իմ առաջին աշխատած փողը։ Միշտ շատ եմ սիրել էս գործը »,- պատմում է տիկին Երմոնյան ու հիշում՝ երբ 10-րդ դասարանն ավարտեց, հայրը հարցրեց՝ ինչ է ուզում անի․ «Ասեցի՝ կա´մ ալպինիստ եմ ուզում դառնալ, կա´մ կար անող»։

Երկու տարի Ստեփանակերտում սովորել է ու անցել գործի. կարի մեքենաներն այդ ժամանակից մինչեւ հիմա ծառայել են իրեն։ Հիմա էլ, երբ նորերն ունի, իր կարի արհեստանոցում հին գործիքներն իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում։

Իր նոր աշխատատեղից տիկին Երմոնյան այլ տեղ գնալ էլ չի ուզում, թեեւ տունը մի քանի քայլ այն կողմ է․ հաճախ մինչեւ գիշերվա կես գործ է անում։ Ասում է՝ առողջությունը «լյոխ լյավա», էներգիան էլ՝ ինչքան ուզես կհերիքի։

Մինչեւ այս արհեստանոցը սարքելն էլ, իր տան անկյունում աշխատում էր՝ նույն սիրով ու նվիրվածությամբ, բայց մի օր, ինչպես ինքն է ասում, «Սահման» ՀԿ-ից գտան իրեն։ Արցախի սահմանամերձ դարձած բնակավայրերում, այդ թվում՝ Թաղավարդում, ընտանեկան փոքր բիզնեսների համար աջակցության ծրագրեր իրականացնող այս ՀԿ-ի համար կարեւոր է եղել հատկապես այն հանգամանքը, որ տիկին Երմոնյան զինծառայողների համար անհրաժեշտը կարող է կարել։

«Եկալն տսալ՝ հունց գորց կանիմ, պա հինչավ քոմագ անինք, ասալում մի լավ կարի մաշին կոզիմ։ Վերջումը մի լավ պեն տրավ, խոխի նման ուրխացալում»։

Հատկապես ժամկետային զինծառայողներից գումար չի կարողանում վերցնել․ «Ասում եմ՝ բանակը պրծեք, եկեք»։ Ու գալիս են, դեռ Արցախյան առաջին պատերազմից հաճախորդներ ունի, անգամ զոհվածների զավակներն են իր մոտ գալիս։ Միակ թոռնուհին՝ 11-ամյա Մանուշակը, արդեն սովորել է՝ երբ զինծառայողները հարցնում են՝ ինչքան պետք է վճարեն, առաջինն ինքն է ասում՝ գումար պետք չէ։ Տատիկի ոգեւորության աղբյուրն է, ու ամենակարեւորը՝ կարուձեւ սիրում է, հետաքրքրվում, իր գործը հաստատ կշարունակի։

«Կիսված գյուղը», «Ադրբեջանական կողմը Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր է հնչեցրել», «Ադրբեջանական դիրքերից կրկին թիրախավորել են Թաղավարդ համայնքի բնակելի տները» վերնագրերից շատերին ծանոթ գյուղում լրիվ ուրիշ մթնոլորտ է… Ինքս էլ, որ պատերազմից առաջ Թաղավարդի միայն անունը գիտեի, բայց պատերազմից հետո մի քանի անգամ արդեն եղել եմ այս գյուղում, դեռ այն այսքան պայծառ չեմ տեսել։

Մինչ տեղացիների հետ եմ շփվում, նկատում եմ, որ Երմոն տատիկի ձայնը լսելի չէ, չի վազվզում այս ու այն կողմ, հարցեր կարգավորում, շփվում, ծիծաղում. պարզվում է՝ 50 տարվա կարուձեւ անողը պահ որսացել է ու զինվորական համազգեստի վերջին «ստրոչկեն է գնում»։ Սպասող կա…

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Անի Ռափյան

 

Նոր բիզնես Արցախի Մարտունի քաղաքում:

Արարատը մեր ամենադրական շահառուներից է։ Նա կոշիկի վերանորոգման սրահ ունի Արցախի Մարտունի քաղաքում։ Մեր ծրագրերի շրջանակներում նրան տրամադրվել են կոշիկի վերանորոգման եւ կոշիկ կարելու մեքենաներ։ Նոր սարքավորումներով նա կարող է ավելի որակյալ եւ արագ սպասարկել հաճախորդներին: Նա սպասարկում է ամբողջ Մարտունի քաղաքը, հաճախորդների պակաս չունի։ Մեր այցելության ժամանակ ստիպված էր փակել սրահի դռները, քանի որ հաճախորդներն անընդհատ գալիս էին, եւ հնարավոր չէր մի փոքր խոսել։

Բերքաբերը մոդելային գյուղ կարող է դառնալ

Տարեսկզբին հիմնված՝ «Բերքաբեր» համայնքի զարգացման հասարակական կազմակերպության անդամները սկսել են մշակել Տավուշի մարզի սահմանամերձ՝ համանուն համայնքի զարգացման ծրագիրը։ ՀԿ խորհրդի անդամներից, «Սահման» ՀԿ հիմնադիր Ջորջ …

Տեսնել ավելին

«Սահման» ՀԿ-ն նորոգել և վերաբացել է սահմանապահ Բերքաբեր գյուղի մանկապարտեզը

Բերքաբեր գյուղում երեխաները քսանվեց տարի ընդմիջումից հետո մանկապարտեզ են հաճախելու: Խորհրդային շրջանի մանկապարտեզի ավերված շինության մի մասը վերանորոգվել ու կահավորվել է «Սահման» հասարակական կազմակերպության կողմից՝ …

Տեսնել ավելին

Հույսեր ու մտքեր Մարտունիից. «Թող Հայաստանի մարդիկ մեր ձեռքը բաց չթողնեն»

Մարտունին Արցախի այն բնակավայրերից է, որը թե՛ 90-ականներին, թե՛ Ապրիլյան քառօրյայի, թե 2020-ի 44-օրյա պատերազմների ժամանակ կրել է մարդկային եւ նյութական ամենածանր կորուստները։ Չափազանց ինտենսիվ …

Տեսնել ավելին

Կիսված Թաղավարդի «կարված» ուրախությունն ու անսովոր իրարանցումը

Փուչիկներ, կարմիր ժապավեն ու շամպայն. արցախյան Թաղավարդում անսովոր իրարանցում է։ 2020 թվականի պատերազմից հետո երեք կողմից ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող ու ճանապարհի հենց մեջտեղը դրված …

Տեսնել ավելին

Թշնամուն շատ մոտ, վախից՝ հեռու․Թաղավարդի պահապան «Լուսինը»

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը իսկապես արտառոց ձգողականություն, յուրահատուկ ազդեցություն ունի այստեղ հասնող յուրաքանչյուրի համար։ Եվ խոսքը միայն դրա հրաշագեղ բնության կամ հերոսական դրվագներով լի …

Տեսնել ավելին

Լավագույնը՝ հայրենիքին. «Մոնթեաբերդի» փոքրիկ պահապանները

Արցախի Մարտունի քաղաքում գործող արհեստագործական դպրոցի մասին շատ էինք լսել։ Ինչ խոսք, դպրոցի շրջանավարտների տարբերվող մոտեցումներն ու մասնագիտական հաջողությունները, դպրոցի ներսում համարձակորեն կիրառվող նորարար մոտեցումներն …

Տեսնել ավելին