Սյունիքը հայտնի է եղել երկու անունով՝ Սյունիք և Սիսական: “Աշխարհացույցի” համաձայն այն Մեծ Հայքի 9-րդ նահանգն է, տարածվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում, սահմանակից էր Այրարատ, Վասպուրական, Արցախ, Գուգարք, Ուտիք նահանգներին:
Սյունիք նահանգը զբաղեցնում էր ավելի քան 15000 քառ.կմ տարածք և միջնադարում ուներ 1008 գյուղ, 43 բերդ, 48 վանք, Լեռնաշխարհը արտաքին աշխարհի հետ կապված է եղել լեռնանցքներով և դժվարանցանելի ճանապարհներով: Ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղ-Աժդանականն է /3906մ/:
Հայտնի են նաև Բաղաց, Խուստուփ, Մեծ Իշխանասար, Արամազդ լեռնագագաթները: Լեռնաշխարհի մարգագետինները, ճոխ արոտավայրերը հարմար են անասնապահության, իսկ գետահովիտները՝ երկրագործության զարգացման համար:
Զգալի տարածք են ընդգրկում անտառները, որոնցից են Մթնաձորը, Սոսու բնական եզակի անտառը:
Անտառներն հարուստ են եզակի բուսատեսակներով և կենդանիներով: Հայաստանի բնական հարստություններով աչքի ընկնող երկրամասերից է Սյունիքը: Հնագույն ժամանակներից այստեղ արդյունահանվել են պղինձ և այլ գունավոր մետաղներ:
Երկրամասն ունի ջրառատ գետեր, որոնցից խոշոր են Որոտանն ու Ողջին:
Մարզի վարչական կենտրոն հանդիսացող Կապան քաղաքը համարվում է բնակչության թվաքանակով Հայաստանի վեցերորդ խոշորագույն քաղաքը՝ շուրջ 42․600 բնակչությամբ։ Մյուս խոշոր բնակավայրերն են Գորիսը, Սիսիանը, Քաջարանը, Մեղրին, Ագարակը: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ մարզի բնակչությունը կազմում է 135․800 մարդ։