Արցախի գողտրիկ անկյուններից մեկը ՝ գեղատեսիլ Հացի գյուղը գեթ մեկ անգամ այստեղ եկած յուրաքանչյուրի մոտ վստահաբար տպավորվում է առաջին հերթին մարդկային ջերմությամբ, այս շրջանին հատուկ բաց գույնի մանր քարերից ու ցածր կտուրներով հին տներով, աննկարագրելի գեղեցիկ թթենիների այգիներով ու դեպի գյուղ տանող ոչ այնքան բարվոք հողե ճանապարհով։
Թեեւ Հացիում է գտնվում իր տարածվածությամբ Արցախի երբեմնի ամենամեծ վանական համալիրը՝ Բռի եղցին, Հացիում զբոսաշրջիկների հազվադեպ են տեսնում։
Պատերազմից հետո՝ առավել եւս։
Լեռան լանջին ծվարած գյուղը հենց իր առանձնահատուկ դիրքի շնորհիվ համեմատաբար քիչ է տուժել առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, թեեւ այժմ ադրբեջանական նոր դիրքերը Հացիից ընդամենը 400, տեղ-տեղ անգամ 200 մետր հեռավորության վրա են։
Հացեցիները պնդում են ՝ իրենց գյուղն ունի շուրջ 2 000 տարվա պատմություն եւ հասցրել է երեք անգամ փոխել իր տեղը։ Ասում են՝ Վաչագան Բարեպաշտը հենց Հացիի սառնորակ աղբյուրներից մեկի մոտ է հանդիպել իր սիրելի կնոջը, ինչի մասին պատմում է նաեւ Ղազարոս Աղայանի հայտնի «Անահիտ» հեքիաթը։ Պարզվում է նաեւ, որ հացեցիները նույնպես ունեն իրենց «Խոսրովի անտառը», որի հիմնադրումը վերագրում են Խոսրով թագավորին։
Շուրջ 200 հոգի բնակչություն ունեցող գյուղի դպրոցն ունի ընդամեն 13 աշակերտ եւ 3 ուսուցիչ, սակայն հացեցիները հպարտությամբ են նշում՝ պատերազմից հետո չեն պակասել, ավելին՝ ընդունել են հադրութեցի տեղահանվածների։
Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Վազգենաշենից Հացիին հետեւող ադրբեջանական դիրքապահները հացեցիներին չեն ընկճել, միայն սրտնեղում են, որ աշխատելու տարածքն է փոքրացել, դժվարացրել անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվելու հնարավորությունները։ Ամենակարեւորը՝ շուրջօրյա ջուրն ունեն, փորձում են հողին տալ ու դրանից քաղել առավելագույնը, որքան որ դա հնարավոր է ներկայի պայմաններում։
60-ամյա Գրիգորի Աթայանը գյուղից մի փոքր ներքեւ՝ նշանավոր Բռի եղցի վանական համալիրի ավերակներից քիչ հեռու իր նոր ջերմոցն է կառուցում։ Այստեղ բոլոր եղանակներին իրենց յուրահատուկ գեղեցկությամբ առանձնացող թթենիները չեն կարող անտարբեր թողել Հացի այցելած կամ դրա կողքով անցած որեւէ մեկին։ Հենց թթենիների շվաքի տակ էլ աշխատում է պարոն Գրիգորին՝ թշնամու դիրքերից մի քանի հարյուր մետր այն կողմ։
Իր ուժերով թթենիների ու ջերմոցի տարածք է հասցրել ջուրը, ավելի ուշ ենք նկատում ու հետո երկար ապշահար նայում, որ ջերմոցը շրջապատող սյուները, փաստորեն, դեռ առաջին պատերազմից մնացած դատարկ արկեր են… Ջերմոցի կառուցման համար 60-ամյա Գրիգորին որեւէ մեկին չի վարձել, ինքնուրույն է կատարել անհրաժեշտ բոլոր աշխատանքները, ասում է՝ նման ծառայությունները հիմա թանկ են, ինքն էլ միայն հաճույք է ստանում այս ամենով զբաղվելուց։ Գրիգորին ավելի հեռուն գնացող ծրագրեր ունի՝ ջերմոցն է՛լ ավելի մեծացնելու, գեղեցիկ պտղատու ծառերով շրջապատելու եւ տարածքում նույնիսկ փոքրիկ հանգստյան գոտի ստեղծելու նպատակները մեզ հետ կիսում, մետր առ մետր հաշվարկում է, թե որտեղ ինչ պիտի տեղակայի ու աչքերի փայլով մատնում, թե որքան մեծ, անչափ մեծ նշանակություն ունի նրա համար այդ փոքրիկ երազանքը։ Միայն թե, ինչպես ինքն է ասում, խաղաղություն լինի…
«Որ իմանամ կռիվ էլ նորից կլինի՝ շարունակելու եմ։ Ես ստեղից գնացողը չեմ։ Հենա, էնտեղ նստած են։ Ինչ ուզում եմ անեն… Մարդ կա ասում են՝ բա էստեղ որ աշխատում ես, նշանառության տակ ես… Ոչ մի բան էլ չեն կարող անել։ Մենակ ես չեմ, գյուղում բոլորն էլ էդպես են մտածում։ Մեր գյուղից ոչ մեկը դուրս չի եկել, ոչ մեկը», – ասում է պարոն Գրիգորին՝ ցույց տալով արդեն չափից շատ մոտ գտնվող ադրբեջանական դիրքերը։
Հիշում է՝ 90-ականներին նույն դիրքում իրենք էին կռիվ տալիս գյուղի պաշտպանության համար, այժմ ադրբեջանցիները վերադարձել են, սահմանը՝ կրկին հասել Հացի։
«Այ էնտեղ որ նստած են՝ մեր պոստը էնտեղ էր։ Իրենք շատ էին, մինամյոտով-բանով խփում էին։ Հետո մեծ հարձակում կար մեր գյուղի վրա, մի կողմից տանկերով, մյուս կողմից ամեն տեսակ զենքով, եկել պոստը վերցրել են մեր։ Զոհեր կար… Նույն գիշերը բայց հետ ենք վերցրել։ 1993 թվականի սեպտեմբերին։ Մեր գյուղից էլ զոհեր եղան, Հայաստանից էլ, Ստեփանակերտից էլ», – հիշում է 28 տարի առաջ Հացիի պաշտպանության համար մղված մարտերն ու տրված ծանր գինը Գրիգորի Աթայանը։
Պարոն Գրիգորիի տղաներից մեկը վաղուց բնակություն էր հաստատել Հադրութի Արեւշատ գյուղում, այժմ, ինչպես բռնի տեղահանվածներից շատերը, բնակվում է Ստեփանակերտում։ Չորս թոռները նույնպես այցելում են, գյուղի հետ կապը չեն խզում։
«Մյուս անգամ եկիք, տանիմ ձեզ Անահիտի աղբյուրներ, մատաղ ինիմ», – ասում է հացեցի Գրիգորին՝ իր համար աշխարհի կենտրոնը դարձած փոքրիկ գյուղի հանդեպ իր անսահման սերը, հացեցիների հյուրընկալությունն ու արցախյան ջերմությունը դնելով ընդամենը մի քանի բառի մեջ։
Աոֆիա Հակոբյան