Տարեսկզբին հիմնված՝ «Բերքաբեր» համայնքի զարգացման հասարակական կազմակերպության անդամները սկսել են մշակել Տավուշի մարզի սահմանամերձ՝ համանուն համայնքի զարգացման ծրագիրը։
ՀԿ խորհրդի անդամներից, «Սահման» ՀԿ հիմնադիր Ջորջ Տաբակյանը Banks.am-ին պատմել է, որ կազմակերպության հիմնադրման գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ համայնքի մի խումբ երիտասարդներ բաց նամակով դիմել էին վարչապետի Կարեն Կարապետյանին՝ բարձրացնելով Բերքաբերի ճանապարհի վերանորոգման հարցը, ապա, նույն հարցով, դիմել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին։
«Կարճ ժամանակ անց համայնքի բնակիչների հետ կապվեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից ու հայտնեցին, որ նախարար Վիգեն Սարգսյանը խոստացել է լուծել Բերքաբերի ճանապարհի հարցը, իսկ վերջերս տեղեկացանք, որ ճանապարհի վերանորոգումն ընդգրկված է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ 2019թ. իրականացվելիք ծրագրում։ Որոշեցինք, որ պետք է ձեռքերը ծալած չնստել ու համայնքի զարգացմանն ուղղված նոր քայլեր կատարել»,- նշել է Ջորջ Տաբակյանը։
Նա հավելել է, որ նորաբաց ՀԿ-ի նպատակն է ստեղծել մոդելային համայնք, որտեղ մարդիկ ապրում են բարեկեցիկ պայմաններում, արարում ու միաժամանակ պահում սահմանը՝ միշտ կանգնած լինելով զինուժի կողքին։
ՀԿ-ի խորհուրդը կազմված է ինն անդամից, որից ութը համայնքի բնակիչներ են:
Նրանցից Արա Խուդավերդյանը նշել է, որ նախատեսում են մշակել գյուղի զարգացման համապարփակ ծրագիր, նոր արտադրություններ ու փոքր բիզնեսներ հիմնել, եղածների սպառման աշխարհագրությունն ընդլայնել.
«Քայլեր կարվեն նաեւ էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ, որպեսզի համայնքն իր բարիքները տուրիստական միջավայրում եւս ցուցադրելու եւ վաճառելու հնարավորություն ունենա»։
ՀԿ մեկ այլ անդամ՝ Ռոմանը, նշել է, որ այս պահին քայլ առ քայլ գրանցում են անելիքներն ու քննարկում առաջնահերթությունները, իսկ Ջորջ Տաբակյանը եզրափակել՝ «Մինչեւ տարեվերջ արդեն կունենանք առաջին շոշափելի արդյունքները»։
Սիրանուշ Եղիազարյան