Արցախի Մարտունի քաղաքում գործող արհեստագործական դպրոցի մասին շատ էինք լսել։ Ինչ խոսք, դպրոցի շրջանավարտների տարբերվող մոտեցումներն ու մասնագիտական հաջողությունները, դպրոցի ներսում համարձակորեն կիրառվող նորարար մոտեցումներն ու դրա անցած ուղին անտարբեր չի թողել նաեւ մեզ։ Դե իսկ դպրոցի՝ կես կատակ կես լուրջ «ամուսնարան» անունով հիշատակվելը հուշում է, որ այստեղից դուրս են գալիս ոչ միայն ամենապահանջված վարսահարդարները, դերձակներն ու խոհարարները, այլեւ Մարտունու ամենացանկալի հարսնացուները։

Մարտունու Վլադիկ Խաչատրյանի անվան արհեստական դպրոցը հիմնադրվել է դեռեւս 1973 թվականին, հասցրել ոչ միայն որակյալ կադրեր տալ Մարտունուն, Արցախին եւ Հայաստանին, այլեւ նույնիսկ ծառայել է որպես ռազմական շտաբ, որտեղից մարտական գործողություններն էր ղեկավարում Մոնթե Մելքոնյանը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Այսօր այդ նույն սենյակը ծառայում է որպես դպրոցի տնօրենի աշխատասենյակ, իսկ դպրոցի ուսուցիչներն ու սաները շարունակում են ամեն մեկն իր գործը կատարել «Մոնթեաբերդից» ներս։  

Այսօր արհեստական դպրոցում շարունակում է սովորել 7 տարբեր մասնագիտություններ ուսումնասիրող աշակերտների 14 խումբ. արցախցի պատանիներն այստեղ յուրացնում են սպորտային միջոցների շահագործող եւ նորոգողի, տրակտորիստ մեքենավարի, զոդողի, սալիքապատողի մասնագիտություններ, ինչպես նաեւ կարի արտադրություն, վարսահարդարում, խոհարարություն։ Ավագ դպրոցն այս տարի 29 շրջանավարտ ունի ոչ միայն Մարտունուց, այլեւ շրջակա բնակավայրերից նույնպես։

Այս տարի ավարտական փուլին է հասել նաեւ դպրոցի սննդի կետերի կառուցումը, դպրոցի տարածքում արդեն կա նաեւ ջերմոց։

Դպրոցի տնօրեն Արտակ Սարգսյանը հատուկ շեշտադրում է, որ իրենց համար առավել քան կարեւոր է հենց քայլել ժամանակին համընթաց, մշտապես կատարելագործել ու կատարելագործվել։

«Հիմնական շեշտադրումը դրվում է ժամանակի պահանջներին համահունչ մասնագիտության ձեռքբերումը։ Այսինքն՝ կարողանանք ժամանակի պահանջների հետ համաքայլ քայլենք, որ ավարտելուց հետո երեխաները կարողանան իրենք իրենց աշխատանքով ապահովեն։ Հիմնական խնդիրն այն է, որ ամեն մասնագետ ավարտելուց հետո ինտերակտիվ եւ գործնական պարապմունքների միջոցով կարողանա տիրապետել այն մասնագիտությանը, որը նա ուսումնասիրել է դպրոցում։ Պետք է նպատակային օգտագործել այն բավականին երկար ժամանակը, որն ունենք այստեղ երեխաների հետ, ծառայեցնել ըստ նպատակի», – նշում է Սարգսյանը։

Դպրոցի առաջնահերթություններն ու հիմնական նպատակն, ըստ նրա, առավել քան պարզ են, դրանց մասին խոսում են առանց պաթոսի ու ծայրահեղականացված սպասումների.

«Նախեւառաջ, պետք է լավ մասնագետ դառնալ։ Անկախ ամեն ինչից, եթե մասնագետը կարողանում է տիրապետել իր գործին՝ պահանջարկն ամեն տեղ լինում է։ Չկա մի մասնագիտություն, որին լավ տիրապետես, ու դրա կարիքը չլինի։ Հիմա ամեն վայրկյան փորձում ենք օգտագործել, որ ամեն մի վայրկյանը կարողանանք նպատակային օգտագործենք, որ նրանք լավ մասնագետներ դառնան։ Նախադրյալները կան, բավականին մեծ նյութատեխնիկական բազա, հատկապես մեխանիզացիայի գծով սովորող խմբին փորձում ենք հնարավորինս պրակտիկ գործողություններով ուսման հնարավորություններ ընձեռել», – ասում է դպրոցի տնօրենը: Շեշտում է, որ տարվող աշխատանքների մեծ մասն անհնարին կլիներ, եթե դպրոցի կողքին չլինեի մի շարք մասնավոր բարեգործական կազմակերպություններ։

Սարգսյանի խոսքով՝ լավ կադրեր պատրաստելն ինքնանպատակ չէ, նա վստահ է՝ սա առանցքային դեր ունի առաջին հերթին Արցախից արտագաղթը կանխելու գործում։ Իրենց ուսանողներն ամենաքիչն են արտագաղթում հայրենի բնակավայրերից, ինչի մասին դպրոցում խոսում են առանձնակի հպարտությամբ։

«Ամենաքիչը մեր ուսանողներն են դուրս գնում, որովհետեւ կարողանում են ավարտելուց հետո աշխատանք գտնել։ Ճիշտ է, տղաները նախ զորակոչվում են բանակ, վերադարձից հետո միայն կարողանում են անցնել աշխատանքի, բայց փաստ է, որ ամենաքիչը մեր ուսումնարանից են արտագաղթողները։ Պատճառը պարզ է․ լավ մասնագետ դառնալուց հետո ունենում են աշխատանք, որը հնարավորություն է տալիս ընտանիք պահել եւ մնալ, ամրապնդվել հայրենի հողում։ Մեր ուսանողների 80 տոկոսն ապահովված է աշխատանքով», – նշում է Սարգսյանը։

Դպրոցի ներսում հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին ու դժվարություններին նայում են առավել ողջամիտ հայացքով. փորձում հարցերին լուծում տալ պակաս զգացմունքային ու հնարավորինս արդյունավետ կերպով։

«Ամեն մի հետպատերազմյան շրջան ունի իր դժվարությունները։ Վատից վատը միշտ էլ կա, բայց պետք է հաղթահարենք այն հնարավորություններով, որոնք առկա են այժմ, մեր տան շենացման ու նոր ծրագրերի իրականացման համար մենք պետք է պայքարենք։ Հենց ուսումնարանի ներսում բոլորը միշտ ուրախ են։ Մեր ամենօրյա աշխատանքով փորձենք ասել, որ մենք կանք եւ լինելու ենք, սա մեր տունն է», – ասում է տնօրեն Սարգսյանը։

Մարտունու արհեստագործական դպրոցում ուսանում են նաեւ Արցախի տարբեր տարածքներից տեղահանված ընտանիքների երեխաներ, մասնավորապես՝ Հադրութից, Թաղավարդից, Սարգսաշենից եւ այլ բնակավայրերից։ Տեղահանված ուսանողների ծախսերի մի մասը փոխհատուցում է պետությունը, դպրոցի տնօրենի խոսքով՝ կյանքի բավականին բարդ փուլով անցնող այս դեռահասները նույնպես բավականին մեծ ակտիվություն են ցուցաբերում դպրոցի զարգացման գործում։

Հետպատերազմյան Հայաստանի բոլոր մտահոգ կամ անտարբեր, Արցախի նոր իրականությանը շատ հեռու կամ մոտ կանգնած բոլորին Արտակ Սարգսյանը փոքր եւ շատ պարզ ուղերձ ունի․

«Կուզեմ մարդկանց ասել, որ չհուսահատվեն։ Ամեն մի երեկոյից հետո առավոտ է գալիս, որը հնարավորություն է տալիս թարմ գլխով կենտրոնանալ ու մտածել հարցերի լուծման շուրջ։ Մարդ մեկ անգամ է ծնվում եւ իր ապրելու ժամանակ պետք է մտածի՝ ինչ է արել հայրենիքի համար եւ ինչ կարող է անել հայրենիքի համար։ Իմ խոսքը բոլորին, ովքեր մտահոգված են, սա է․ մենք հավերժ այստեղ ապրելու ենք։ Անկախ ամեն ինչից։ Սա է մեր հայրենիքը, եւ հենց առաջին քայլը մենք պիտի անենք մեր հայրենիքի շենացման համար։ Մենք հերոսներ չենք այստեղ, պարզապես էստեղ ենք ծնվել եւ պարտավոր ենք մեր հայրենիքին տիրություն անել։ Մենք սովորական մարդիկ ենք եւ մեր խնդիրն է մեր գերեզմաններին տիրություն անել, մնալ էստեղ առանց ինչ-որ մի բան հանձնելու»:

 

Սոֆիա Հակոբյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *