Մարտունին Արցախի այն բնակավայրերից է, որը թե՛ 90-ականներին, թե՛ Ապրիլյան քառօրյայի, թե 2020-ի 44-օրյա պատերազմների ժամանակ կրել է մարդկային եւ նյութական ամենածանր կորուստները։ Չափազանց ինտենսիվ օդային հարվածները Մարտունիում ավերեցին շուրջ 900 շենք, բազմաթիվ առանձնատներ, խլեցին նաեւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ անչափահասների կյանքներ։

Ըստ Արցախի ՄԻՊ-ի գրասենյակի պաշտոնական զեկույցի՝ Արցախյան վերջին պատերազմը Մարտունիում խլել է 14 քաղաքացիական անձի կյանք, որոնց թվում պատերազմի հենց առաջին օրը քաղաքի բնակելի թաղամասերից մեկում պայթած արկի բեկորային հարվածներից մահացած 9-ամյա Վիկտորյա Գեւորգյանը։

Այսօր՝ սարսափելի պատերազմից մոտ մեկ տարի անց Մարտունին բնավ չի հիշեցնում քաղաք, որն անցել է բառի բուն իմաստով դժոխքի միջով, այն էլ՝ երեք անգամ։ Կյանքն անդադար, արդեն երրորդ անգամ այստեղ վերականգնվում ու նորից, անդադար շարունակում է հոսել իր հունի մեջ, թեեւ ավելի լուռ, ավելի զուսպ ու պակաս հավակնոտ է երեւում այժմ։ Տեղացիներն էլ են հաստատում՝ հարսանիքներն անձայն են, աշխատանքային աղմուկը՝ նույնպես։ Արցախի երկրորդ խոշոր քաղաքի բնակչությունը (մինչ պատերազմը՝ ավելի քան 6 000 մարդ), սակայն, չի պակասել, նույնիսկ՝ ավելացել է։ Այստեղ նոր կյանք են փորձում կառուցել ոչ միայն մարտունեցիներն, այլեւ Հադրութից, ինչպես նաեւ Մարտունու շրջանի կորսված որոշ համայնքներից տեղահանվածների շուրջ 170 ընտանիքներ։

Թեեւ Արցախի բազմաթիվ բնակավայրերի համեմատ Մարտունիում ադրբեջանական դիրքերն այդքան էլ մոտ չեն, սակայն բոլորն անգիր գիտեն, թե որ կողմում է հակառակորդն ու ցույց են տալիս իրենց տան պատուհաններից հստակ երեւացող բարձունքները, որտեղ այլեւս «նրանք» են։

***

«Համեցեք, սպասում եմ ձեզ, եթե կուզեք՝ ես ձեզ հետ կտանեմ Ստեփանակերտ,  ասեք՝ ես ի՞նչով օգնեմ ձեզ, ինչ անեմ ձեզ համար… Հա, առանց մեր տուն մտնելու գնալ չկա՛», – առանց մեզ ու ինքն իրեն հերթ տալու սկսում է մարտունեցի 44-ամյա Արարատ Դոլուխանյանը խոսակցության առաջին վայրկյաններից։

Հետո հասկացանք՝ 44-ամյա նախկին զինվորականը շատ է հուզվում պատերազմից հետո Արցախ այցելող յուրաքանչյուրի ուշադրության փաստից միայն ու ինքն էլ փորձում է փոխանցել մեզ իր իսկ պատկերացմամբ ամենակարեւորը՝ «մի պատառ ուշադրություն»։

Արարատի արհեստանոցում բազմաթիվ պատվերներն են, վերջերս «Սահման» հ/կ-ի միջոցով նվեր ստացած կոշիկի կարի մեքենան եւ այժմ պարտադիր զինծառայության մեջ գտնվող ավագ որդու ձեռքով ստեղծված գեղանկարները։ Արարատն ու իր կինը մինչ օրս սարսափով են հիշում Ապրիլյան պատերազմի ժամանակ տղայի՝ մահից հրաշքով փրկվելն ու նույն պահին նրա հետ միասին գտնվող ընկերոջ՝ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի զոհվելը։

«Գիտեք, չէ, Վաղոյի մասին», – ասում է նախկին զինվորականը աստիճանաբար խլացող ու կարծես այս իրականությունից հեռուն գնացող ձայնով։

Ինքը առողջական խնդիրների պատճառով թեեւ ժամանակից շուտ է հեռացել բանակից, սակայն ձեռքերը ծալած նստելուն սովոր չէ՝ նախընտրել է կոշկակարությամբ զբաղվել, որին ծանոթ էր վաղուց։

«Վատ չենք, լյավ ընք, փառք Աստծո։ Չեմ բողոքում։ Միշտ մտածել եմ, որ էդ կարի մեքենան ունենամ, Աստծո հաջողությամբ էդ լույսը բացվել ա։ Մի ընկեր ունեմ, միշտ ասում է՝ «Գնալու եմ, գնալու եմ», ասում եմ՝ «Էէ, ուր ես գնում»… Չգիտեմ, չեմ մտածում ես էդ մասին…», – Արարատ Դոլուխանյանը պայմաններից բողոքել չի սիրում, գնացողների մասին՝ առավել եւս։

«Հա, չարչարվում ենք, երկու տեղ աշխատում, երեկոյան էլ գալիս բոստանը մշակում,  ապրում ենք։ Իհարկե՝ դժվար է, մանավանդ, երբ գնացողներին էլ տեսնում ես…», – ասում է պարոն Արարատի կինը ու նույն պահին կանգ առնում։ Գիտի՝ ամուսինը այս թեման չի սիրում։

«Անորոշ վիճակ ա, իհարկե։ Գիտես, մի պահ մոռանում ես… Բայց լրիվ չես մոռանում», – շարունակում է երեք պատերազմ տեսած Արարատը։

«Մարդուն ի՞նչ է պետք, մի պատառ ուշադրություն, ուրիշ ոչինչ։ Առաջ մինչեւ մի կոշիկը կարում էի՝ քանի ժամ էր տեւում, հիմա էս մեքենայով նույն ժամանակահատվածում 5 հատն եմ կարում։ Մարդուն իրոք բացի մի փոքր ուշադրությունից ուրիշ ոչինչ պետք չէ։ Զոհվածի մայր ունենք, էն օրը եկավ, չեմ կարողանում գումար վերցնել, չվերցրի, վիրավորվում է, ասում եմ ՝ լավ, 500 դրամ թող, գնա, եթե շատ ես ուզում… Չեմ կարողանում։ Մարդուն ի՞նչ է պետք, ուշադրություն, մի պատառ ուշադրություն, ուրիշ ոչինչ»:

Ինչպես բոլոր արցախցիները՝ Դոլուխանյանների ընտանիքում նույնպես ուշադիր հետեւում են երեւանյան զարգացումներին, իրենց թե՛ հույսերով, թե՛ հիասթափություններով լի հայացքներն էլ ուղղված են սովորաբար դեպի Հայաստան.

«Հայաստանի մարդկանց միայն կարող եմ ասել այն, որ մեր ձեռքը բաց չթողնեն։ Որովհետեւ մենք ուրիշ ոչ ոք չունենք։ Էս մի փոքր բանն է մնացել, Հայաստանն էլ որ մեր կողքին չլինի… Կա, որ խորտակվողի ձեռքը բաց են թողնում, գլորվում ա ներքեւ, բայց կա նաեւ որ բռնում, քաշում դուրս են հանում դեպի վեր։ Իմ միակ խոսքս Հայաստանին, որ մեր ձեռքը բաց չթողնեն հիմա, էս մի բուռ տեղն է մնացել…», – ասում է Արարատ Դոլուխանյանն ու գլուխը կախում իր աշխատանքին՝ փոքրիկ երկրի իր փոքրիկ անկյունում իր բաժին պարտքը ամենայն պատասխանատվությամբ կատարելու։

 

Սոֆիա Հակոբյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *