Բերքաբեր գյուղում երեխաները քսանվեց տարի ընդմիջումից հետո մանկապարտեզ են հաճախելու:

Խորհրդային շրջանի մանկապարտեզի ավերված շինության մի մասը վերանորոգվել ու կահավորվել է «Սահման» հասարակական կազմակերպության կողմից՝ նորվեգական «Համար Վեստ» ակումբի ֆինանսավորմամբ և Երևանի «Ռոտարի» ակումբի աջակցությամբ։

«Մանկապարտեզի բացմամբ մենք Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող սահմանապահ այս գյուղում ամփոփում ենք Բերքաբերում վերջին տարիներին աշխատանքի մեր մյուս ձեռքբերումները»,- Բերքաբերի մանկապարտեզի բացմանն ասել է  ծրագրի համակարգող Անահիտ Նազարյանը։

«Բերքաբեր համայնքի համապարփակ զարգացում» ծրագրով գյուղում նաև կառուցվել է երկու սածիլային ջերմոց, դպրոցում հիմնվել է «Արմաթ» տեխնոլոգիական  լաբորատորիա, անգլերեն լեզվի ուսուցման խմբակ։ Դպրոցականները արդեն լավ արդյունքներ են գրանցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ամառային դպրոցում։  Ծրագրով նախատեսված է նաև դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում, առողջապահական ուղղությամբ համայնքային ուսուցումների անցկացում։

«Մենք ուրախ ենք, որ Բերքաբերի երեխաները այսուհետ կկարողանան զարգացման և լիարժեք մանկության պայմաններ ունենալ իրենց գյուղում, դա էր մեր նվիրատվության նպատակը» -ասաց նորվեգական «Համար Վեստ» ակումբի համակարգող Օդդ Հագենը։

Մանկապարտեզի հանդիսավոր բացման արարողությանը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին, մասնակցում էին նորվեգական «Համար Վեստ» ակումբի պատվիրակությունը Օդդ Հագենի գլխավորությամբ, ինչպես նաև Երևանի «Ռոտարի» ակումբի պատվիրակությունը Ռուբեն Գալստյանի գլխավորությամբ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, «Սահման» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամները և Բերքաբեր համայնքի բնակիչները։

Սահման ՀԿ-ն Բերքաբեր համայնքում աշխատում է  2013 թվականից՝ նպաստելով ընտանիքների եկամտի ավելացմանը մեղվապահության, ջերմոցաշինության և ընտանեկան փոքր բիզնեսների զարգացման միջոցով։ Բերքաբերցի 34 ընտանիք «Սահման» ՀԿ-ի գործընկեր-շահառու են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *