ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Այն ընդգրկում է Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի (Շամշադինի) տարածաշրջանները: Մարզը սահմանակից է հյուսիսում` Վրաստանին և արևելքում՝ Ադրբեջանին։
Մարզն ունի մոտ 350կմ միջպետական սահման, որից 300կմ-ը Ադրբեջանի Հանրապետության հետ, 50-ը` Վրաստանի:
Մարզն ունի 5 քաղաքային (Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Այրում) և 57 գյուղական համայնք: Համայնքներից 46-ը ՀՀ կառավարության 17.11.1998թ.-ի թիվ 713 որոշմամբ ճանաչվել են սահմանամերձ:
ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ: Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։ Տավուշի մարզում է գտնվում ՀՀ ամենախոշոր աղյուսակերտ եկեղեցին՝ Կիրանցի վանքը։